Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը։ Մտքի փառատոնը տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր էր, որի նպատակն էր բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար եւ ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին: Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Մարքեթինգի հայկական ակումբը։ Չորսշաբաթյա աշխատանքների ընթացքում ուսանողական թիմերը կազմել եւ պրոֆեսիոնալ ժյուրիի հետ քննարկել էին իրենց նորարարական առաջարկները PR-ի, գովազդի եւ բիզնեսի ոլորտներում։
Լիլիթ Սարգսյանը մտքի փառատոնի առաջին մրցանակակիրներից է, սովորում է ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նրան հատուկ մրցանակ էր սահմանել նաեւ Tesl Edu լեզուների ուսուցման կենտրոնը։ Կենտրոնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանը Լիլիթ Սարգսյանին բիզնես անգլերենի դասընթացների մասնակցության հնարավորություն շնորհեց։ Լիլիթը նշում է, որ մտքի փառատոնին մասնակցելն իրեն առաջին հերթին ինքնավստահություն է տվել, սեփական ուժերին հավատալու հաստատակամություն։
Վիկտորյա Գրիգորյանն իր թիմով մտքի փառատոնում առաջարկել է սոցիալական արշավի գաղափարը, որը ներկայացրել է հոլովակների տեսքով։ «Մենք ուսումնասիրել ու վեր ենք հանել Հայաստանում արդիական թեմաները եւ դրանք արծարծել մեր հոլովակների միջոցով։ Հասարակության ներգրավվածությունը սոցիալական ոլորտում շատ փոքր է, եւ դրա համար անհրաժեշտ է մարդկանց ակտիվությունը խթանող ու շահագրգռող քայլեր անել։ Մենք դա փորձել ենք անել մեր սոցիալական հոլովակների շնորհիվ»,- ասում է Վիկտորյան։
Մտքի փառատոնում ընտրված լավագույն գաղափարների հեղինակներն առաջիկայում կհանդիպեն եւ իրենց ծրագրերը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, գործարարներին։





























