«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս չշտապել նախագահի ընտրություններում ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով կամ քաղաքական ուժերի հետ միասնական թեկնածուով հանդես գալու հարցի պատասխանն ստանալու հարցում: Այս մասին նա ասել է այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ծառուկյանը հորդորեց ավելորդ շտապողականություն չցուցաբերել, քանի որ հիմա գործընթացը հանդիպումների ու խորհրդակցությունների փուլում է, եւ միայն դրանց ավարտից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) բանակցություններին, ապա պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Ծառուկյանն ասաց. «Մենք ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի, այլ բոլորի հետ համապատասխան աշխատանքները կատարում ենք»:
Ծառուկյանն ասաց՝ չգիտի դեռ ԲՀԿ-ն այլ ուժերի հետ նախագահի միասնական թեկնածու կունենա, թե՝ ոչ:
«Ես դա չգիտեմ, այդ մասին հաջորդ դասին», - իր հայտնի պատասխանը կրկնեց նա:
Ըստ էության, իր պատասխանով ԲՀԿ առաջնորդը ոչ «այո», ոչ էլ «ոչ» ասաց նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարցին, թեեւ հենց ԲՀԿ-ում եւ հատկապես կուսակցության մարզային կառույցներում կարծում են, որ ԲՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու պետք է ունենա եւ որպես թեկնածու տեսնում են իրենց առաջնորդին:
Ծառուկյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություներից հետո առաջին անգամ էր այցելում Գյումրի: Սամվել Բալասանյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ ԲՀԿ ղեկավարը Գյումրի էր այցելել, խոստացել էր 10 աղբատար ու 10 ձյուն մաքրող տրակտոր նվիրել Գյումրիին: Նվիրատվությունն այսօր արդեն Գյումրիում էր, միայն թե 10 ձյուն մաքրող տրակտորի փոխարեն 6-ն էր, ասացին՝ 4-ն էլ ճանապարհին են:
Ծառուկյանի այցի մասին լսելով՝ քաղաքապետարանի մոտ գյումրեցիներ էին խմբվել ու սոցիալական տարբեր հարցերով դիմացին Գագիկ Ծառուկյանին: ԲՀԿ առաջնորդը ոմանց հենց տեղում դրամական աջակցություն ցուցաբերեց:
Քաղաքապետի աշխատասենյակում ԲՀԿ ղեկավարը դռնփակ խորհրդակցություն անցկացրեց՝ առանց լրագրողների մասնակցության, որից հետո հանդիպեց ԲՀԿ մարզային ակտիվի հետ: Սոցիալական խնդիրներին անդրադառնալով՝ նա քննադատեց կառավարությանը:
«Արտագաղթ կա, գնում են, խի՞ են գնում. մեկը աշխատանքը չունի, մյուսը աշխատանք ունի, գումարը քիչ է: Ուրեմն պետք է այնպես լինի, որ աշխատավարձն ու թոշակը համապատասխանեն գնաճին: Բոլորն էլ ուզում են լավ ապրել: Եթե այսօր ասում են, որ բնակչության 30 տոկոսը աղքատ են, իսկ մնացած 70 տոկոսը հարո՞ւստ է: 40 տոկոսն էլ, ասենք, ստանում է 40 հազար դրամ, համարո՞ւմ ենք դա բավարար ապրելու համար: Ասում են, թող ինքն իր ընտանիքով 40 հազար դրամով ապրի, որովհետեւ էդքան է… դա ի՞նչ է նշանակում», - ասաց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Բյուջեն կազմելիս պետք է ոչ թե վերեւից նայեն, ոչ թե պետք է գրեն, որ Գյումրիում թղթի վրա ինչ-որ կենտրոն են սարքելու, այլ պետք է ծրագիր լինի: Ամեն ամիս պետք է այդ ծրագիրը իրականություն դարձնեն, որ ժողովուրդը իրեն խաբված չզգա: Իրենց պետք է դնեն ժողովրդի տեղը: Ժողովուրդը չի ուզում նպաստ ստանա, ոչ էլ օգնություն: Ժողովուրդը ուզում է պայման, հնարավորություն, աշխատանք, որ ինքն իր ընտանիքի վրա ծախսի եւ կարողանա հյուրասիրի»:
Ծառուկյանը իր քննադատությունն ուղղեց նաեւ քաղաքական որոշ գործիչների:
«Ավել-պակաս խոսում են: Մարդիկ հարյուր դոլար փող չեն ունեցել, մտել են քաղաքականության մեջ՝ 4-5 հատ տներ ունենալով, բիզնես դնելով, ազգուտակին տեղավորելով, մեծ-մեծ խոսելով ժողովրդից, պետությունից, պետականությունից: Այդ ծանրության տակ մտնելով՝ ես ի՞նչ հասկացա... ծանր է, բայց կարեւորը՝ վստահությունը, հավատը երբեք մենք չենք կորցնելու», - ասաց նա:
Խոսելով Գյումրիի խնդիրներից՝ Ծառուկյանն ասաց, որ պատրաստ է օգնել ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Քաղաքապետի մեջքին ենք կանգնած ամեն ինչով», - ասաց նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:





























