Նոյեմբերի 15-ին խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որտեղ խմբակցություններն իրենց տեսակետներն ու դիրքորոշումն են արտահայտել օրենքի նախագծի վերաբերյալ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ժառանգություն» խմբակցությունը 75 կետից բաղկացած առաջարկություն է ներկայացրել կառավարությանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն, անդրադառնալով բյուջեի նախագծին՝ որպես քաղաքական փաստաթուղթ, նշեց նրա առաջնահերթությունները, թե որքանով է այն համահունչ երկրում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ կոռուպցիան առկա է բոլոր ոլորտներում, եւ այն համակարգային բնույթ ունի:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, նշելով որ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ 2013թ-ի պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու չեն նպաստում ՀՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը: Պատգամավորի գնահատմամբ՝ բացակայում է մասշտաբային մտածողությունը, գործադրվում է գների մակարդակի անարդյունավետ համակարգ: Նա նաեւ անդրադարձավ գյուղատնտեսական ոլորտում տարվող քաղաքականությանը՝ նշելով, որ մի շարք ուղղություններ արտացոլված չեն:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը: Նա անդրադարձավ նվազագույն աշխատավարձին, նշեց, որ թեեւ այն նվազագույն է, եւ լիարժեք չի կարող բավականացնել, սակայն տարեցտարի կդառնա ավելի շոշափելի: Տեղական ինքնակառավարման ոլորտում Հեղինե Բիշարյանը կարեւորեց համայնքների պետական բյուջեի դոտացիաների համամասնությունների պահպանումը, որը լուրջ օժանդակություն է համայնքների խնդիրների լուծմանը: ՕԵԿ խմբակցության ղեկավարը նշելով, որ ամեն տարի այդ գումարների չափը պահպանվում կամ ավելացվում է, իսկ համայնքների զարգացման ցուցանիշները շատ դանդաղ են աճում՝ առաջարկեց ավելացնել հսկողությունը տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային ծախսերի նկատմամբ:

ՕԵԿ-ի առաջարկությունների մի մասը վերաբերում է քաղաքաշինության տարբեր, մասնավորապես համայնքներում դպրոցաշինության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում իրականացվող շինարարական ծրագրերին: Կարեւորվում է նաեւ փոքր եւ միջին գործարար ոլորտի բարելավումը, որին կնպաստի արտոնագրային վճարների շեմի բարձրացումը:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ 2013թ բյուջեն չի կարող լուծել այն բազում խնդիրները, որ այսօր առկա են, սակայն կառավարությունը եղած խնդիրները լուծելու եւ սոցիալական լարվածությունը թուլացնելու համար կներգրավի այլ ռեսուրսներ ու ֆինանսական գործիքներ: Նա տեղեկացրեց, որ ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը: Բացասական արտահայտվելով նախագծի վերաբերյալ, նա նշեց, որ ամբոխավարությունն իրենց կողմից չէ: Պատգամավորն անթույլատրելի համարեց մատակարարների սուբսիդավորումը, բյուջեի դեֆիցիտի իջեցումը: Հրանտ Բագրատյանն անընդունելի համարելով բյուջեի նախագիծը՝ նշեց, որ դեմ են քվեարկելու:

ԲՀԿ տեսակետը ներկայացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա գնագատմամբ՝ բյուջեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիրը չի լուծում: Պատգամավորի խոսքով՝ աղքատությունը խորանալու է, արտագաղթը շարունակվելու, քաղաքացու սոցիալական վիճակը մնալու է ծանր, իսկ կենսամակարդակը՝ շատ ցածր: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալայանը:

Նա նշեց, որ 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն արձանագրեց խորհրդարանական գործընթացի առանձնահատուկ բարձր նշաձող՝ ինչպես հանձնաժողովների համատեղ նիստերում, այնպես էլ լիագումար նիստում : Նրա համոզմամբ՝ աննախադեպ ակտիվության պայմաններում փաստաթուղթը ենթարկվեց խորքային քննարկման, մասնագիտական խորը վերլուծության, սուր հարցադրումների, որը վայել է երկրի տարվա գլխավոր ֆինանսական նախագծին: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը դահլիճում դեմ է կամ՝ կա հնարավություն եւ չի արվում ավելին, չեն բարձրացվում աշխատավարձերը, կենսաթոշակները կամ այս կամ այն ոլորտին տրվող ծախսերը: Հակառակը, նրա համոզմամբ՝ կարող էին բարձրացնել աշխատավարձերը եւ դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել, սակայն չեն ցանկանում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Երկրի համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը եւ զարգացումը, եւ ոչ թե պահի թելադրանքով լուծումները: Փոխնախագահը վստահեցրեց, որ 2013-ը կլինի առաջընթացի տարի, եւ կիրականացվեն ՀՀԿ-ի ու նրա առաջնորդի՝ հանրապետության նախագահի առաջարկած ծրագրերը: