Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 15-ին, «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա իր ելույթում շնորհակալություն հայտնեց խորհրդարանականներին շահագրգիռ եւ օգտակար քննարկումների համար եւ նշեց, որ 2013-ին կառավարության խնդիրն է լինելու զերծ պահել բնակչությանը ցնցումներից եւ արտաքին ռիսկերից, որը համարվում է լրջագույն խնդիր՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը: Վարչապետի խոսքով՝ կառավարությունն ունի պատասխանատվություն եւ գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից: Նա նշեց, որ հանրության մեջ կան նաեւ դժգոհություններ, եւ իրենք հավակնություն չեն ունեցել ներկայացնելու բացարձակ ճշմարտությունը, եւ միշտ պատրաստ են այդ հիմքի վրա երկխոսության: Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախագիծը ստեղծում է հիմք, որ 2013-ին կատարեն արմատական բարեփոխումներ, այդ իսկ պատճառով կառավարությունը չի ստանձնում ռիսկային պարտավորություններ: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց քննադատությունների համար: Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՅԴ եւ Ժառանգություն խմբակցություններին՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցելու համար՝ նշելով, որ այն առաջարկությունները, որոնք հնչեցրել են, իրենց համար ընդունելի են: «Համոզված եմ, որ այս առաջարկությունն օգնելու է մեզ հակակոռուպցիոն ծրագիրը դարձնել ավելի արդյունավետ»-, նշեց վարչապետը:
Տիգրան Սարգսյանն իր համաձայնությունը հայտնեց այն քննադատություններին, որ պետությունը դեռեւս չի կարողանում անհրաժեշտ չափով ֆինանսավորել գիտությանը եւ պատրաստ են քննարկել հարցը, զատել այն միջոցները, որոնք կտան դրական արդյունք ու կավելացնեն գիտության ֆինանսավորումը:




























