Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Գոգավան գյուղում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 16:00-ի սահմաններում, Գոգավան գյուղի հատվածում՝ մաքսակետի ճանապարհին, միմյանց են բախվել մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 21-ամյա Նարեկ Մխոյանի վարած «Պրիորա» մակնիշի 13 ՕԼ 502 համարանիշի եւ Սարչապետ գյուղի բնակիչ 27-ամյա Նորայր Բարոյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 06 ՕՏ 093 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Լեռնահովիտ գյուղի բնակիչներ՝ «Պրիորա»-ի վարորդ Ն. Մխոյանը եւ ուղեւորներ 30-ամյա Իրինա Մխոյանը, 10-ամյա Ինեսա Մխոյանը, ինչպես նաեւ՝ Սարչապետ գյուղի բնակիչներ՝ «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի վարորդ Ն. Բարոյանն ու ուղեւոր 25-ամյա Անուշ Անտոնյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհահային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները: