Դոնի Ռոստովում, նոյեմբերի 16-ին, հանդիսավորությամբ բացվել է ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների առաջին համաժողովը, որը հրավիրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` Դոնի նախիջեւանյան հայկական համայնքի ու Ռուսաստանի հայերի միության հետ համագործակցությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել տեղի հայ համայնքի ղեկավար Հ. Սուրմալյանը, գլխավոր հյուպատոս Ա. Գոմցյանը, իսկ հիմնական` «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նա, մասնավորապես, ողջունել է հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին ու իր հույս հայտնեց, որ այս համաժողովը ճանաչողական, քաղաքական, բարոյական, պատմական նշանակությունից զատ կունենա նաեւ շոշափելի արդյունքներ, իսկ որ ամենակարեւորն է` շարունակություն:
Ա. Մխիթարյանը ներկայացնելով հայ երիտասարդության առաջ ծառացած ներկա հիմնական մարտահրավերները, վստահեցրել է, որ բոլորիս գործունեության նպատակը պիտի լինի ունենալ հզոր, ուժեղ, հպարտ Հայաստան, մասնակցել նրա շենացմանը եւ, ապա, ստեղծել բոլոր պայմանները, որ հայը Սփյուռքում որոշի հայ մնալ:
Համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածքի հայկական երիտասարդական կազմակերությունները ներկայացրել են սեփական գործունեությունը, բարձրացրել հակահայկական քարոզչության դեմ պայքարին ուղղված համատեղ ճակատ ստեղծելու, Ցեղասպանության հետեւանքների վերացմանն ու Սփյուռքում հայապահպանությանը միտված ծրագրերի իրականացման ու դրանց պետական աջակություն ցուցաբերելու հարցերին: Համաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ այսօր:
Ավելացնենք, որ համաժողովին մասնակցում են ավելի քան 100 հայ երիտասարդներ ԱՊՀ երկրներից:
«Մենք մտադիր ենք աջակցելու, որպեսզի ստեղծվի ԱՊՀ երկրների հայկական երիտասարդական կազմակերպությունների գործունեությունը համակարգող մարմին», - ավելացրել է Ատոմ Մխիթարյանը:





























