Հայաստանում աշխատանք գտնելը աշխատանք է, բարդ, դժվար աշխատանք,եւ եթե չունենաս համառություն, հաջողության չես հասնի: Ինչպե՞ս եւ որտե՞ղ փնտրել աշխատանք, խորհուրդներ գործատուներին եւ գործազուրկներին: Այս եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանի հետ:

Հայաստանում աշխատանք փնտրելու ուղիները տարբեր են` սկսած  պետական, մասնավոր ծառայություններից, ուսումնական հաստատություններից, կարիերայի կենտրոններից մինչեւ կայքեր, թերթեր, խնամի, ծանոթ, բարեկամների ցանցը: Իհարկե, այս ուղիների իմացությունը բավարար չէ աշխատանք գտնելու համար: Ցողիկ Բեժանյանի խոսքով` աշխատանք գտնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններին համապատասխան կրթություն:

«Հնարավոր է ունենալ բարձրագույն կրթություն, շատ լավ մասնագիտացում, բայց չկարողանալ աշխատանք գտնել, որովհետեւ աշխատաշուկայում այդ մասնագիտության աշխատատեղը, պահանաջարկը չկա, ստացած կրթությունը չի օգնի եւ անհրաժեշտ է լինում մտածել նոր մասնագիտություն ստանալու մասին»,-ասաց նա:

Իսկ պահանջարկը փոփոխվող հասկացություն է, ժամանակի ընթացքում մի շարք մասնագիտություններ եւ աշխատանքներ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դուրս են մղվում աշխատաշուկայից: Օրինակ` նոր տեխնոլոգիաների պատճառով մի շարք մասնագիտություններ վերացան, միեւնույն ժամանակ, դրանց շնորհիվ, ի հայտ եկան նոր մասնագիտություններ եւ աշխատանք:

«Մեր աշխատաշուկայում հիմնականում պահանջարկված են ինֆորմացիան տեխնոլոգիաների ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետները, տարբեր բանվորական մասնագիտություններ` եռակցողներ, փականագործներ, սպասարկման ոլորտի այլ մասնագիտություններ` մատուցող: Մարզերում բժիշկների եւ առհասարակ որակյալ աշխատուժի շատ մեծ եւ չլրացվող պահանջարկ կա: Նախորդ տարվանից խիստ նվազել եւ նվազում է շինարարության ոլորտի մասնագետների պահանջարկը, չկա քիմիկոսների, ֆիզիկոսների պահանջարկ»,- ասաց նա:

Ցողիկ Բեժանյանը խորհուրդ է տալիս միշտ հետեւել աշխատաշուկայի պահանջարկին,աշխատել մասնագիտական որակների կատարելագործման վրա, վերապատրաստավել, ձեռք բերել նոր հմտություններ:

Նրա փոխանցմամբ` այսօր հայ գործատուն ցանկանում է, որ «աշխատողը մի քանի ճակատով աշխատի», որպեսզի վճարի մեկին, ով կանի մի քանի մարդու աշխատանք: Դրա համար էլ զարմանալի չէ տեսնել «Պահանջվում են լեզուների իմացությամբ հավաքարարների» մասին հայտարարություններ: Ցողիկ Բեժանյանի խոսքով, աշխատող ընտրելիս հայ  գործատուի համար շատ կարեւոր է թիմային աշխատանքի, սովորելու կարողությունը, պատասխանատվությունը, իսկ  սպասարկման ոլորտում` բարեկրթությունը: Դեռեւս չեն անցել նաեւ այն ժամանակները, երբ պահանջվում են «մինչեւ 25 տարեկան բարետես արտաքինով աղջիկներ»:

Հայաստանում աշխատանք գտնելիս, Ցողիկ Բեժանյանի խոսքով, դեռեւս առկա է տեսքով կամ ծանոթով ընդունելու եւ ճանապարհելու «մեթոդները», թեեւ ամեն ինչ տարբեր է` կախված գործատուներից: Նա շեշտեց, որ աշխատանք փնտրող հայ գործազուրկին հաճախ վանում է  գործատուի պահվածքը, աշխատանք փնտրողին վերեւից նայելու սովորությունը, միջավայրը, մթնոլորտը:

Աշխատանք փնտրող հայ մարդու դժգոհություններն էլ մեծամասամբ կապված են ցածր աշխատավարձի եւ պայմանների հետ. «Իրավիճակը այնպիսին է դառնում, որ աշխատանք ունեցող մարդը քիչ է տարբերվում աշխատանք ունեցողից»,- ասաց նա` շեշտելով, որ  հատկապես սպասարկման ոլորոտում աշխատանքի պայմանները վախեցնում են աշխատանք փնտրողներին:

Ամփոփելով` Ցողիկ Բեժանյանը խորհուրդ է տալիս բոլոր գործազուրկներին չհուսահատվել աշխատանք փնտրելիս, ուղարկել ռեզյումեներ, հարցազրույցների գնալ գործատուների հետ: Իսկ գնալուց առաջ նա խորհուրդ է տալիս հավաքել հնարավորինս շատ ինֆորմացիա գործատուի մասին, երբեք պոտենցիալ գործատուի մոտ  չփնովել նախորդ գործատուին, ճիշտ ներկայանալ եւ համոզել, թե ինչու հատկապես իրեն պետք է աշխատանքի վերցնել: «Նորաձեւության վերջին ճիչով հագուստը, ավելորդ զարդերը, շպարը կարող է վանել շատ գործնական մարդու, ամեն ինչ կախված է, թե ում մոտ ես գնում հարցազրույցի, գործատուին ճանաչելը կարեւոր է նրա պահանջները հասկանալու համար»,- ասաց նա: