Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունվարի 26-ից 27-ը Հայաստանում է գտնվում Իտալիայի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Պաոլո Ռոմանիի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, հեռուստառադիոթվայնացման, ինտերնետային լայնաշերտ համացանցի ծառայության եւ փոստային ծառայությունների փորձագետներ (Իտալիայում ամենամեծ Elsag Datamat of Finmeccanica ընկերությունից) ոլորտներից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում քննարկվելու են հեռուստա-ռադիոհեռարձակման թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջեւ հետագա համագործակցության հնարավորությունները:

Նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հետ:

Այցի երկրորդ օրը պատվիրակությունը կմեկնի Գյումրի: Գյումրիում շրջայցից հետո նրանց կներկայացվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, այդ թվում՝ լայնաշերտ ինտերնետային ցանցի զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կտրվի Գյումրու տեխնոպարկի ծրագրի նկարագրությունը: