Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածությունն առաջադրած  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանը շնորհակալ է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղական կառույցին գալիք ընտրություններում իրեն սատարելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արման Սահակյանը: 

«Շնորհակալ եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղական կառույցին գալիք ընտրություններում ինձ սատարելու համար: Իմ ընտրատարածքում ես նպատակ ունեմ համերաշխության մթնոլորտում իրականացնել մարդկանց ամենօրյա հոգսերը թեթեւացնելուն ուղղված ու առկա խնդիրների լուծմանը միտված խիստ տեսանելի ու արդյունքներ բերող ակտիվ գործունեություն: Սա նաեւ իմ կուսակցության՝ Հայաստանի հանրապետական կուսակցության պահանջն է ինձնից, ինչին ես պատրաստ եմ ամբողջովին նվիրվել: ԲՀԿ-ի գործընկերների հետ համագործակցությունը, ինչպես միշտ, միայն նոր եռանդ կտա այս գործին, եւ ես վստահ եմ, որ իմ ընտրողները գոհ են լինելու իրենց ընտրության համար»,-նշեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ թիվ 35 ընտրատարածքի խորհուրդը, որի պատասխանատուն Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, դեկտեմբերի 2-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում սատարելու է  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանին:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում կկայանան ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում կպայքարեն  «Սովռանո» ՍՊԸ-ի տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել:

Հիշեցնենք, որ թիվ 35 ընտրատարածքի պատգամավոր Սամվել Բալասանյանն ընտրվել էր Գյումրիի քաղաքապետ: