Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը այսօր` նոյեմբերի 19-ին, տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն, ավելի ուշ դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանայանը:
Նա տեղեկացրեց, որ դեռեւս 2008-ին կամ 2009-ին Սերոբ Բոզոյանը միզապարկի քաղցկեղ է ունեցել եւ վիրահատվել է իրենց կենտրոնում, այժմ կա հիվանդության կրկնություն:
Արմեն Տանայանի փոխանցմամբ` Սերոբ Բոզոյանը անցած ուրբաթ օրը դիմել է իրենց կենտրոն` Ուռոլոգիայի բաժանմունքի վարիչին, եւ չունենալով անձնագիր` նրան ուղարկել են իր մոտ: Փոխտնօրենն էլ նրան ասել է, որ առանց անձնագրի չեն ընդունի, եւ հաշվի առնելով, որ նա «Փուչիկների գործով» ամբաստանյալն է, բացի անձնագրից պահանջել են նաեւ փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ եթե նրան հոսպիտալացնեն, դա չի խոչընդոտի իրավապահ մարմինների գործողություններին: Այսօր Սերոբ Բոզոյանը Ուռուցքաբանական կենտրոն է բերել իր անձնագրի պատճեն, որի վրա դրված է եղել կնիք: «Դրանից հետո նա հոսպիտալացվել է, այս պահին որեւէ գործողություն չի արվել: Ավելին` ասեմ, որ այս պահին նա գտնվում է իր տանը, հիմնարկում չէ: Նրա համար բացվել է հիվանդության պատմություն, որում նշված է, որ կատարված են այսինչ հետազոտությունները, դրանից հետո հիվանդը գնացել է»,- ասաց նա:
Նոյեմբերի 20-ին Սերոբ Բոզոյանը նորից պետք է այցելի Ուռուցքաբանական կենտրոն, կորոշեն` կարվի՞ վիրահատություն, թե՞ ոչ, առհասարակ` իրավունք ունեն նրան վիրահատելու, թե ոչ:
«Միանշանակ, նա շտապ վիրահատության կարիք չունի: Եթե նա նույն ախտորոշմամբ դիմեր կենտրոն, եւ նրա մոտ լիներ արյունահոսություն, դա լիներ կյանքի հետ անհամատեղելի, մենք` որպես բժիշկ, ուշադրություն չէինք դարձնի` հիվանդը անձնագիր ունի, թե չունի, ՀՀ քաղաքացի է, թե ՌԴ քաղաքացի է, վճարովի է, եւ անվճար, այդ հարցերը մեզ չէին հետաքրքրի, բայց քանի որ հիվանդը ոտքի է, մեր համար սովորական անձ է»,- ասաց Արմեն Տանայանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:





























