Խանութներում դեռեւս ստուգիչ կշեռքներ չեն տեղադրվել, քանի որ ստուգիչ հսկումներ անցկացնելու համար պայմանավորված օրը՝ դեկտեմբերի 25-ին Հանրային խորհրդի համապատասխան մարմիններից ոչ մեկը չէր ներկայացել ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ընկերակցություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ սպառողների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցներից ներկայացել էին ընդամենը 3 հոգի։

Նշենք, որ անցած տարվա օգոստոս ամսին տված ասուլիսում Պողոսյանը հայտարարել էր, որ խանութներում ստուգիչ շրջայցեր են անցկացվելու, որոնց նպատակը լինելու է թերակշռումները վեր հանելը եւ խանութների տեսանելի վայրերում ստուգիչ կշեռքներ տեղադրելը։ Նա նաեւ նշել էր, որ դրա համար համապատասխան պայմանավորվածություններ են ձեռք բերվել Էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ վարչապետի հետ։