«Ներկայիս Առեւտրաարդյունաբերական պալատը, համաձայն ԱԺ համապատասխան օրենքի, ստեղծվել է 2002-ին, թեպետ այդ կառույցը ՀՀ-ում գործել է դեռեւս 50-ական թվականներից»,- հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը։

Նշելով, որ հանրապետության ողջ տարածքում գործում է 11 մարզային պալատ, այդ թվում եւ Երեւանինը, նա տեղեկացրեց, որ «պալատների բուրգում կենտրոնականը հենց Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատն է»։ Արայիկ Վարդանյանի խոսքով, ՀՀ-ում ձեռնարկությունների ավելի քան 70 տոկոսը փոքր եւ միջին ձեռնարկություններն են կազմում, եւ իրենք հիմնականում զբաղվում են հենց այդ ձեռնարկություններին օգնություն տրամադրելով։ «Բացի այդ, առեւտրաարդյունաբերական պալատը բիզնես-համաժողովներ եւ ցուցահանդեսներ է կազմակերպում, որոնք տարբեր երկրների գործարարներին հնարավորություն են տալիս ծանոթանալ միմյանց եւ տվյալ երկրի բիզնես-միջավայրի հետ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ անցած տարի, օրինակ, PANARMENIAN EXPO համահայկական ցուցահանդեսի շրջանակներում իրենց ապրանքատեսակները ներկայացնելու հնարավորություն ունեցան ավելի քան 50 տեղական ձեռնարկություններ։ «Առեւտրաարդյունաբերական պալատը փորձելու է PANARMENIAN EXPO-ն դարձնել ամենամյա նախագիծ եւ ամեն կերպ աջակցել հայ գործարարների գործունեությանը արտասահմանում։ Մենք ներկայացուցիչներ ունենք Ամերիկայում, Եվրոպայում։ Նրանց միջոցով էլ տեղեկություններ ենք ստանում տվյալ երկրի բիզնես-միջավայրի մասին»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ հենց փոխգործակցության արդյունք են, օրինակ, ամեն տարի Հայաստանում կազմակերպվող հնդկական ցուցահանդեսները եւ Սիրիայում այս տարվա աշնանը կայանալիք հայկական ցուցահանդեսի նախագիծը։

Առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը հայտնեց նաեւ, որ իրենց կառույցը ոչ առեւտրային կազմակերպություն է, իսկ ձեռնարկությունները նրան անդամակցում են ազատ եւ ոչ թե պարտադիր հիմունքներով։

Վերջում Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատն անդամակցում է Եվրոպական, Սեւծովյան եւ ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ընկերակցությանը, եւ հեռանկարներ ունի՝ այդ համագործակցությունն ակտիվացնել անգամ ցուցահանդեսներ կազմակերպող թուրքական «Թույաբ» ընկերության հետ. «Նոր տարուց առաջ մեզ էին այցելել Վանի նահանգի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները եւ առաջարկում էին խորացնել համագործակցությունը՝ հատկապես զբոսաշրջության զարգացման մասով։ Փետրվարին մենք կմեկնենք Թուրքիա՝ համապատասխան պայմանագիր կնքելու համար»,- ամփոփոեց նա։