Բելառուսը դադարեցրել է արտահանվող ռուսական նավթավերամշակման գործարաններից դեպի լատվիական Վենտսպիլս նավահանգիստ դիզվառելիք մատակարարող նավթամուղի աշխատանքը՝ դա պատճառաբանելով խողովակի տեխնիկական անսարքությամբ ու բազմաթիվ թերություններով, որոնք ըստ բելառուսական կողմի, երկու անգամ վթարների են հանգեցրել 2007 թվականին,- հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը։

Բելառուսական իշխանությունների նման դիրքորոշումը առաջ է բերել նավթամուղի ռուսական օպերատորի՝ «Տրանսնեֆտեպրոդուկտ» պետական ընկերության տարակուսանքը, որի ներկայացուցիչները պնդում են, որ ժամանակին են կատարել խողովակի վերանորոգման Բելառուսի հետ համաձայնեցված ծրագիրը, իսկ փոխադրման դադարեցումը իրենց համար անակնկալ էր։

Եվ այնուամենայնիվ, դա կարելի է բացատրել նրանով, որ Մինսկն ու Մոսկվան միմյանց հետ առևտրային պատերազմ են վարում. քաղաքական հարաբերությունների հերթական սրումից հետոայս տարվա ամռանը Ռուսաստանն արգելեց կաթնամթերքի ներկրումը, իսկ երեքշաբթի հայտնեց մսի ներմուծումը մասնակիորեն արգելելու մասին,- հիշեցնում է աղբյուրը։

«Ունեչա-Վենտսպիլս հատվածում տեղի ունեցած երկու վթարներից հետո իրականացվել է համալիր ստուգում և հայտնաբերվել տեխնիկական 1082 թերություն։

Դրանք պետք է վերացված լինեին մինչև հուլիսի 17-ը։ Ներկա պահին վերացվել է ընդամենը 243 թերություն, ինչի կապակցությամբ էլ կայացվել է շահագործումը դադարեցնելու մասին որոշում»,- ասել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Վիտալի Նովիցկին։ Իսկ ինչ վերաբերում է նավթամուղի գործարկման ժամկետներին, ապա «Տրանսնեֆտեպրոդուկտի» առաջին փոխնախագահ Վլադիմիր Նազարովը դժվարացել է դրանք նշել. «Մենք ունենք վերանորոգման ծրագիր, և քանի դեռ չենք վերացրել բոլոր թերությունները, Բելառուսի պետական արդյունաբերական վերահսկողությունը չի հանի իր սահմանափակումները»։