Ռուսաստանի խոշոր փոխադրող «Աէրոֆլոտը» « Շերեմետեւո» օդանավակայանին խնդրել է ավիաընկերության կառավարմանը հանձնել « Շերեմետեւո 2» տերմինալը: «Աէրոֆլոտն» արդեն կառավարում է վերջերս բացված «Շերեմետեւո 3» տերմինալը, սակայն, չի կարող սպասարկել այնտեղի բոլոր չվերթները՝ ուղեւորների հոսքի աճի պատճառով:
«Ведомости» պարբերականի հաղորդմամբ, եթե «Աէրոֆլոտը» չստանա «Շերեմետեւո 2»-ը, ապա կարող է տեղափոխվել «Դոմոդեդովո», հենց որ այնտեղ նոր տերմինալ կառուցվի:
«Շերեմետեւո 3» տերմինալը, որը բացվել է 2009 թվականին, նախատեսված է տարեկան 9 մլն մարդ սպասարկելու համար, սակայն «Աէրոֆլոտը» արդեն 2010 թվականին կսպասարկի մինչեւ 12 մլն ուղեւոր:
«Русский Newsweek» ամսագիր գրում է, որ «Աէրոֆլոտի» եւ «Շերեմետեւոյի» բախման պատճառը երկրորդ տերմինալն է: Փաստորեն ավիաընկերությունը ստեղծել է մրցակից տերմինալ, որը օդանավակայանից խլել է բիզնեսի մի հատվածը:
Նոր տարվա արձակուրդներին «Շերեմետեւոյում» ավիաընկերության եւ օդանավակայանի ղեկավարության բախման պատճառով հերթեր են գոյացել: Ուղեւորները, ովքեր օգտվել են «Աէրոֆլոտի» ծառայություններից, ստիպված են եղել ժամերով սպասել չվերթների գրանցմանը եւ ուղեբեռներին: Ավիաընկերությունը ստիպված էր նույնիսկ գրասենյակային աշխատակիցներին ուղարկել ուղեբեռի բեռնաթափմանը: Հարկ է նշել, որ ե՛ւ «Աէրոֆլոտը» ե՛ւ «Շերեմետեւոն» գտնվում են պետության վերահսկողության տակ:



























