Հայկական կողմն օրեր առաջ գերի վերցրած ադրբեջանցի հովվին վերադարձրել է հայրենիք:
Հանձնման արարողությունը կայացել է նոյեմբերի 30-ին, ժամը 14-ի սահմաններում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում, Կայանավան բնակավայրի շրջանում:
Ադրբեջանի քաղաքացի Թելման Ալիեւը (ծնվ. 1972թ.), որը նոյեմբերի 12-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, ամենայն հավանականությամբ մառախուղում փնտրելիս է եղել անասուններին, մոլորվել է եւ արդյունքում հայտնվել հայկական կողմում: Լրագրողների հետ զրույցում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել է, որ Ալիեւի խուլուհամր լինելու մասին ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:
«Դա կարելի էր հեշտությամբ հասկանալ, դժվար է ասել, թե որն էր նման պնդման նպատակը, մեր մասնագետները հաստատել են, որ նա որոշակի խնդիրներ ունի, բայց խոսքը լիակատար խուլուհամրության մասին չէ», - նշել է Հովհաննիսյանը:
Հայտնի է, որ փնտրվող անասունները հայկական կողմ չէին անցել: Նշենք, Ալիեւն ամուսնացած է, ունի երկու երեխա: Որոշ տվյալներով՝ նա Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորներից մեկի ազգականն է (զարմիկը):





























