Հայաստանի 2009 ֆինանսական տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 3 մլն դրամ եւ ավելի պարտադիր սոցիալական ահահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ ընկերության կողմից 2009 թվականի ընթացքում վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարը կազմում է 2 մլրդ 109 մլն դրամ:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի 300 խոշոր ապահովադիրների ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաեւ հայ-ռուսական «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որոնք էլ զբաղեցնում են, համապատասխանաբար՝ երկրորդ եւ երրորդ տեղերը: «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հաշվետու տարվա 12 ամիսների ընթացքում վճարել է 1 մլրդ 504 մլն դրամ ընդհանուր ծավալով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն` 1 մլրդ 53 մլն դրամ:

2009 թվականի արդյունքներով Հայաստանի խոշոր ապահովադիրների ցուցակի չորրորդից տասներորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Արմենիա Տելեֆոն կոմպանի» (Արմենթել) ՓԲԸ-ն (950 մլն դրամ), Նաիրիտ գործարանը (925 մլն դրամ), Քաջարանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (809 մլն դրամ), Երեւանի պետական համալսարանը ( 587 մլն դրամ), ՀԱԷԿ-ը (580 մլն դրամ), «Ղ-Տելեկոմ» ընկերությունը` ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ (530 մլն դրամ) եւ «Հայփոստ» ՓԲԸ-ն (433 մլն դրամ):