Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի Երեւան այցի շրջանակում հունվարի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի եւ Մոսկվայի կառավարության միջեւ «Առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել։

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Մոսկվայի քաղաքապետը նաեւ ստորագրել են Երեւանի Կենտրոն վարչական շրջանի եւ Մոսկվայի կենտրոնական պրեֆեկտուրայի միջեւ համագործակցության ծրագիր։ Յու. Լուժկովը նշել է, որ հասարակական տարբեր խնդիրներ լուծելու ուղղությամբ կողմերը կուսումնասիրեն միմյանց փորձը։

«Մեր երկրների նախագահները երկու պետությունների հարաբերությունները ռազմավարական են սահմանել, եւ, ըստ էության, այդ հարաբերությունները կարգավորում են մեր մայրաքաղաքները»,-ասել է Մոսոկվայի քաղաքապետը՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար վերջին տարիներին ամուր հիմքեր են դրվել։

Նրա կարծիքով՝ երկու քաղաքների հարաբերություններում հսկայական ներուժ կա առեւտրատնտեսական եւ մշակութային գործակցության ոլորտներում։

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքի միջազգային համագործակցության համար Մոսկվան գերակա ուղղություն է, իսկ երկու քաղաքների միջեւ առկա համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա։ «Այս պահին մեր խնդիրն է պահպանել ձեռքբերումները եւ իրականացնել նոր, կոնկրետ ծրագրեր»,- նշել է Բեգլարյանը։