«Արհեստական կառույցներ են ստեղծվել, որոնք փորձաքննություն անելու անվան տակ անհարկի գումարներ են շորթում արտահանողներից : Դա ավելորդ խոչընդոտ է տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար».- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կ. Վարդանյանը այս կարծիքին է, քանի որ ըստ նրա` Հայաստանը այնպիսի տեխնոլոգիաներ չի արտադրում, որոնք, օրինակ` միջուկային զենքի համար կիրառելի են: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ապրանքների արտահանմանը, որոնք համարվում են երկակի նշանակության ապրանքներ, այսինքն` կարող են մտնել թե’ քաղաքացիական, թե’ ռազմական արտադրանքի ցուցակի մեջ, այդ ոլորտում գոյություն ունեն չարաշահումներ, որոնցով, ըստ Կ. Վարդանյանի, շահագրգռված են որոշ կառույցներ. «Միջազգային եւ դիվանագիտական կառույցները, մասնավորապես` Միացյալ Նահանգների դեսպանատունը, ճնշում են գործադրում պետական մարմինների վրա՝ այնպիսի օրենսդրական փոփոխություններ մտցնելու նպատակով, որոնք որ նույն Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում չեն կիրառում»,- ասում է Կ. Վարդանյանը: Նա մասնավորապես նշում է Էկոնոմիկայի նախարարության կողմից հեղինակած «Երկակի նշանակության մասին» օրենքի փոփոխությունները, որն այսօր շրջանառության մեջ է գտնվում, ինչպես նաեւ վերջերս կառավարության կողմից ընդունված ռազմական նշանակության ապրանքների ցանկի փոփոխությունների մասին որոշ դրույթները. «Բոլոր տեղերում անհարկի փորձաքննություններ է մտցված, օրինակ` ծրագրային ապահովման, տեխնոլոգիական տարբեր հատվածներում, այս ամենը ավելորդ խստացումներ են, որոնք կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ Հայաստանում տեխնոլոգիական արտադրանքի համար»:
Այդուամենայնիվ, պրն. Վարդանյանը գոհունակությամբ նշում է, որ անցած տարի լուրջ տեղաշարժեր են եղել հարկային, մաքսային բարեփոխումների հատվածում, մասնավորապես` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Պետեկամուտների կոմիտեն ստեղծել են աշխատանքային խումբ, որին իրենց խնդիրներով կարող են դիմել ՏՏ ընկերությունները: Համագործակցության շնորհիվ իրակիճակը էականորեն բարելավվել է, եւ ներկրման հատվածում դրական փոփոխություններ են արձանագրվել. «Այժմ ներմուծման հարցում կան լուրջ դրական տեղաշարժեր, արտահանման հարցում հակառակը` լուրջ դժվարություններ, որոնք ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտներից են հանդիսանում»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրենը:



























