Պաշտոնական Ստեփանակերտը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց 2013 թվականին չի ակնկալում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
Նա նշել է, որ այդ ոչ այդքան լավատեսական մոտեցման պատճառը հանդիսանում է 2012 թվականին գրանցված բոլոր տարիների ամենամեծ բանակցային անկումը՝ Ռամիլ Սաֆարովի հերոսացումը։ «Դա լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին, եւ տարիներ են անհրաժեշտ՝ ստեղծված դրությունը շտկելու համար»,- պարզաբանել է Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, 2013 թվականը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամանակաշրջան է, եւ ղարաբաղյան կարգավորման համար ընթացող բանակցությունները երկրորդական - երրորդական կդառնան։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ ուշադրություն է դարձրել տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Սիրիայի եւ Իրանի խնդիրներին, որոնք կարող են ազդել ղարաբաղյան կարգավորման վրա։ «Չի բացառվում, որ Ադրբեջանը կդիմի սադրիչ գործողությունների՝ իրավիճակը սրելու համար, հատկապես իր ընտրությունների համատեքստում։ Սակայն համոզված եմ, որ հետաքրքրվող կողմերը եւ միջնորդները թույլ չեն տա նման բան»,- ավելացրել է Դավիթ Բաբայանը։
«Բացի հակամարտության կարգավորումից, պաշտոնական Ստեփանակերտի օրակարգի խնդիրներ են նաեւ տնտեսության զարգացումը, բնակչության սոցիալական վիճակի բարելավումը, զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը»,- ամփոփել է նա։





























