ՀԱԿ-ի մաս կազմող «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհուրդը որոշում է կայացրել նախագահական ընտրություններում, ստեղծված իրավիճակում, չսատարել որեւէ թեկնածուի, այդ թվում նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
«Պետք է ազատվել այս ռեժիմից: Հրանտ Բագրատյանը ի՞նչ արեց, որ հիմա էլ նախագահ դառնա: Սա է մեր որոշումը: Կարճ, հստակ , կոնկրետ: Մենք միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին ենք տեսնում, ուրիշ ոչ ոքի չենք տեսնում եւ չենք սատարի, քանի որ նրանք երկիրը չեն կարող հանել ստեղծված իրավիճակից»,- ավելացրեց Գառնիկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իր գլխավորած «Ազատություն» կուսակցությունը քննարկելու է իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը: Նա հավելել է, որ դա ՀԱԿ-ի որոշումը չէ եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ինքը կհանի թեկնածությունը:





























