Վանաձորի ծննդատանը այս տարվա մինչ դեկտեմբերի 20-ը լույս աշխարհ է եկել 1624 երեխա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1677-ի փոխարեն: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ասաց, որ ծնունդների մեծ մասը տղա երեխաներ են:

Խոսելով նորածնային մահացությունների եւ մեռելածնության դեպքերի մասին` Ավալյանն ասաց, որ մահացությունների դեպքերը բավականին նվազել են: «Նշված ժամանակահատվածում գրանցվել է նորածնային մահացության 9 դեպք, որից 8-ի ժամանակ երեխաները ծնվել են 700-1000 գրամ քաշով, որը բժշկության մեջ համարվում է ծայրահեղ ցածր քաշ, իսկ մյուս մեկ երեխան ծնվել է բնածին արատով»,- նշեց նա:

Այս ամենից զատ գրանցվել է նաեւ մեռելածնության 19 դեպք: «Այս դեպքերից 17-ում հղիները հիվանդանոց են բերվել այն ժամանակ, երբ երեխան արդեն մոր օրգանիզմում  մահացած է եղել»,-նշեց Արամ Ավալյանը` փաստելով, որ Վանաձորի ծննդատանը գրանցված  մահացության դեպքերը բավականին ցածր են միջին հանրապետական  ցուցանիշից:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի