Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Սելչուք Ունալի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է փոխվեն նրանց կողմնակալության պատճառով։
«Թուրքիայի համար անկողմնակալ լինելը նշանակում է ոչ թե կարգավորմանը սատարել, այլ աջակցել Ադրբեջանի քայլերին՝ ուղղված բանակցային գործընթացի ձախողմանը եւ համանախագահների ձեւաչափից ձերբազատվելուն»,- նշել է Բալայանը եւ հավելել, թե Թուրքիան քննադատում է անգամ Իռլանդիային՝ պատճառաբանելով աշխարհագրորեն հեռու գտնվելը։
«Անկողմնակալությունը ուղիղ համամետական չէ աշխարհագրական հեռավորությանը, ինչի փայլուն ապացույցն է հենց Թուրքիայի օրինակը։
Թուրքիան առիթը չի բաց թողնում նորից եւ նորից ապացուցելու միջազգային հանրությանը, որ իր որեւիցե միջամտություն այս հարցերում միայն վնաս է հասցնում»,- նշել է նա։




























