Բուրյատիայում, գազի բալոնի պայթյունից առաջացած հրդեհի հետեւանքով զոհվել է իրկուտսկցի 5 ձկնորս։
Դեկտեմբերի 22-ին Բուրյատիայի Հանրապետության ՆԳՆ-ը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ինկինո Կաբանսկյան տարածաշրջանում ուլանուդեյցի ձեռնարկատիրոջը պատկանող իջեւանատանը հրդեհը մարելու եւ փլատակները հավաքելու արդյունքում հայտնաբերվել է 5 անհայտ տղամարդկանց վառված մարմիններ։ Մի տղամարդ՝ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ՆԳՆ տվյալներով՝ տղամարդիկ Իրկուտսկից եկել էին ձկնորսության համար։ Նրանք տուն են մտցրել գազի բալոն, որն ավելի ուշ պայթել է։ Փայտյա տունը եւ ձկնորսներից մեկի մեքենան հրդեհից ամբողջությամբ ոչնչացվել են, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հետաքննության տվյալներով՝ բալոնի պայթյունը տեղի է ունեցել ջերմաստիճանի փոփոխությունից, երբ այն դրսից տուն են բերել։ Գիշերը, զբոսաշրջիկների քնած սենյակում գազի կենտրոնացումը բարձրացել է։ Տղամարդկանցից մեկը՝ զգալով սուր հոտը, արթնացել է եւ փորձել է բացել դուռը՝ սենյակն օդափոխելու համար։ Այդ ժամանակ տեղի է ունեցել պայթյունը։ Դռների մոտ գտնվող տղամարդը պայթյունի ալիքներից դուրս է շպրտվել եւ ողջ է մնացել։ Սենյակում քնած մյուս 5 ձկնորսները պայթյունի հետեւանքով զոհվել են։





























