Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին առաջիկայում  բանտային սկանդալի հետ կապված հեռակա կարգով մեղադրանք կներկայացվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին:

Ըստ գլխավոր դատախազի` սեպտեմբերին բռնկված «բանտային սկանդալի» քննությունը դեռեւս շարունակվում է: Զուրաբ Ադեիշվիլին երկիրը լքել էր հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հիշեցնում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, սեպտեմբերին Վրաստանի ՆԳՆ-ն եւ մի շարք հեռուստաալիքներ տեսանյութեր էին տարածել, որոնցում  Գլդանի թիվ 8 բանտի բանտարկյալների դեմ ոտնձգությունները եւ կտտանքներն էին արձանագրված: Տեսագրությունները վրդովեցրել էին հանրությանը ու Թբիլիսիում  եւ երկրի մի շարք քաղաքներում դարձել բողոքի ցույցերի պատճառ: 

Հանցագործակցության մասնակցության մեղադրանքով ձերբակալվել էին պատժի իրագործման, պրոբացիայի եւ իրավաբանական օգնության նախարարության ավելի քան տասնյակ աշխատակիցներ: Այդ գործի պատճառով հրաժարական էին տվել պատժի իրագործման, պրոբացիայի եւ իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն եւ ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալայան: Ավելի ուշ Ախալայան ձերբակալվել էր:

Նախորդ  շաբաթ Գլխավոր դատախազությունը խոստովանել էր, որ «բանտային սկանդալի» պատճառ դարձած կադրերը հեռացվել էին արդարադատության այն ժամանակվա նախարար Զուրաբ Ադեիշվիլիի պատվերով: Ադեիշվիլին Սահակաշվիլիի մերձավորներից է, «վարդերի հեղափոխությունից» հետո նա ընդգրկվել էր այն քաղաքական գործիչների շարքում, ովքեր պետական բարձր մակարդակով որոշումներ էին կայացնում:   Տարբեր տարիներին Ադեիշվիլին զբաղեցրել է պետանվտանգության նախարարի, գլխավոր դատախազի պաշտոնները: