Ադրբեջանն ու Թուրքիան պայմանավորվել են «Շահ Դենիզ» նախագծի առաջին փուլի շրջանակներում արդյունահանվող գազի գնի շուրջ: Այդ մասին փետրվարի 2-ին հայտարարել է SOCAR ընկերության (Ադրբեջանի պետական նավթային ընկերության) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:

«Համաձայնեցվել են գների հարցերը առաջին փուլի շրջանակներում: Երկրորդ փուլում գազի գնի հարցը դեռ չի համաձայնեցվել, հետեւաբար ողջ փաթեթով վերջնական որոշում դեռ չի կայացվել»,- հայտարարել է Աբդուլլաեւը:

Նրա խոսքով, քանի որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները գազային ոլորտում ներկայումս քննարկվում են հարցերի փաթեթի շրջանակներում, մի հարցի համաձայնեցումն առանց մյուսների՝ նշանակում է վերջնական պայմանավորվածության բացակայություն:

Փաթեթն ընդգրկում է գազի գնի հարցեր ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլի գնի վերաբերյալ:

Ներկայումս Թուրքիան ադրբեջանական գազը ստանում է՝ 120 դոլար հազար խմ-ի համար սակագնով:

Ինչպես նշված է պայմանագրում, ադրբեջանական գազի գինը վերանայվելու է առաքումից մեկ տարի անց:

Համաձայն պայմանագրի, Թուրքիան ստանալու է մինչեւ 6,6 միլիարդ խմ գազ «Շահ Դենիզ» հանքավայրից:

«Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն խմ գազ: