Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41 ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաեւ թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են թեքահարթակներ ինչպես մուտքերում, այնպես էլ շենքերի ներսում: Երեւանի քաղաքապետարանի եւ «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ: Քաղաքապետարանի աջակցությամբ դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաեւ առարկայական օլիմպիադաներ, որոնց  հաղթողներին պարգեւատրել է անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Յունեսկոյի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել: Կրթության ոլորտում Սանկտ Պետերբուրգի եւ Մոսկվայի  հետ համագործակցության շրջանակներում  այդ քաղաքներից եկած պատվիրակությունները երեւանյան դպրոցներում իրականացրել են մի շարք սեմինարներ եւ դասընթացներ: Իսկ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից Երեւանի 3 դպրոցներում բացվել են լինգոֆոնային կաբինետներ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է  նաեւ Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել  բազմաթիվ մշակութային միջոցառումների: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ քաղաքապետարանի ենթակայության  դեռեւս չջեռուցվող բոլոր դպրոցները ապահովվել են  ջեռուցմամբ: Վերացվել են նաեւ նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները:

Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության եւ վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի եւ այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում: Հայտնաբերված թերությունների հետեւանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, եւս 8-ը ստացել են նկատողություններ:  Մանկապարտեզների գույքի թարմացման եւ վերանորոգման մասով անցկացվել է նաեւ մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման ենթարկվեց Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը: