Ամանորյա տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագուն ձեւավորում» անվանակարգով մրցույթ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի տոնական ձեւավորմանը մասնակցած եւ մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երեւանի վարչական շրջանների առեւտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները:
Լավագույն տոնական ձեւավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առեւտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա Գրուպ» ընկերությունը, Արեւիկ Ուդումյանի բնակարանի պատշգամբը, Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 36գ հասցեի բակային տարածքը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը: Ժյուրիի կողմից հատուկ մրցանակի են արժանացել նաեւ «Պասկալ եւ Դիոդատո» ընկերությունը՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած ամանորյա տոնավաճառի եւ Ավան վարչական շրջանի թիվ 55 մանկապարտեզը՝ ամանորյա խորհրդանիշի լավագույն բեմականացման համար: Բոլոր հաղթողներին պարգեւները հանձնել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ողջունելով մրցույթի մասնակիցներին, քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի ձեւավորման գործում ակտիվ մասնակցության համար եւ վստահեցրել, որ քաղաքապետարան-բնակիչ-մասնավոր հատված համագործակցությունը լինելու է շարունակական. «Մայրաքաղաքի հանդեպ դրսեւորած ձեր սրտացավ վերաբերմունքը չէր կարող չգնահատվել ու, վստահ եմ, որ ձեր օրինակը վարակիչ կդառնա բոլորի համար: Ձեր վերաբերմունքով դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ Երեւանը բոլորիս տունն է ու բոլորս ենք պարտավոր մեր նպաստը բերել մայրաքաղաքի զարգացման գործում: Համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի շատ կլինեն մրցույթի մասնակիցներն ու հաղթողները, ինչը կլինի մեր բոլորի հաղթանակը»,-շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, մրցույթի հաղթողներն իրենց հերթին վստահեցրել են, որ հաճույքով են մասնակցել մայրաքաղաքի տոնական ձեւավորմանն ու իսկապես զգացված են, որ քաղաքապետարանը գնահատել է սիրելի քաղաքի նկատմամբ դրսեւորած իրենց անշահախնդիր վերաբերմունքը:





























