Նյու Յորքի բնակիչներն ավանդույթի համաձայն Նոր տարին կդիմավորեն առանց տխուր հիշողությունների: Տոնից երեք օր առաջ այնտեղ աղբամանն են նետել 2012-ի բոլոր հոգսերը եւ խնդիրները: Հատուկ դրա համար Թայմզ Սքվերում դրվել են թուղթ մանրացնող սարքեր: 

Այդ սարքն են նետվել տուգանքների եւ չմարված վարկերի հաշիվները, նախկին սիրեցյալների լուսանկարները եւ նախորդ տարվա մնացած տխուր հիշողությունները:

Նրանք, ովքեր չեն վստահում գրասենյակային տեխնիկային, հիշողությունները սեփական ձեռքով են ոչնչացրել: 

ՆՏՎ-ն հայտնում է, որ ավանդույթը ձեւավորվել է վեց տարի առաջ, երբ  միջոցառման կազմակերպիչներից մեկն իմացել է նյույորքյան ուսանողների՝ վատ հիշողությունների մասին գրառումներով լցված տիկնիկներն այրելու հին սովորույթի մասին: Սակայն Թայմզ Սքվերում  խարույկ չեն թույլատրել քաղաքային իշխանությունները, այդ պատճառով էլ ավանդույթն արդիականացվել է:

Vesti.ru-ն հայտնում է, որ թույլատրվում է նաեւ վատ հիշողությունները գրի առնել հենց տեղում: Դրա համար սարքի կողքին մշտապես հերթապահում են աշխատակիցները եւ  անցորդներին մատիտ ու թուղթ առաջարկում: