Չինաստանի իշխանություններն օրենք են ընդունել, որով պարտադրում են երիտասարդ չինացիներին հաճախ այցելել իրենց ծեր հարազատներին, իսկ գործատուն պարտավոր է իր աշխատողներին ժամանակ տրամադրել նման այցերի համար:
Օրենքում, սակայն, գրված չէ, թե ինչպես են պատժելու նրանց, ովքեր կխախտեն այդ օրենքը: Բացի այդ, չի նշվում, թե որքան հաճախ մարդիկ պետք է այցելեն իրենց թոշակառու հարազատներին: Սակայն եթե վերջիններս ուշադրության պակաս զգան, նրանք կարող են դիմել իշխանություններին կամ նույնիսկ դատի տալ իրենց երիտասարդ հարազատներին, գրում է «Սինհուա» գործակալությունը:
Այս օրենքը նախկինում գործող մեծահասակների իրավունքների եւ շահերի պաշտպանության մասին օրենքի բարեփոխված տարբերակն է: Նոր խմբագրությամբ օրենքն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 1-ից:
Նման փոփոխությունների անհրաժեշտությունը ծագել է Չինաստանի բնակչության ծերացմամբ եւ մեծահասակների մասին հոգ տանելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 2011 թվականի վերջին երկրում հաշվվում էր 60 տարեկանից բարձր ավելի քան 184 մլն մարդ, ինչը կազմում է Չինաստանի բնակչության 13,7 տոկոսը: 2013 թվականին նրանց թիվը կհասնի 200 մլն-ի: Բացի այդ, Չինաստանում մեծահասակների շարքում 33 մլն-ը հաշմանդամներ են:
Ի դեպ, 2005 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածում եւս կա դրույթ, որտեղ նշվում է. «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար»:





























