ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը օրենք է ստորագրել երկրի 2013թ. պաշտպանական բյուջեի մասին, որը կկազմի 633 միլիարդ դոլար, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:  

Փաստաթուղթը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:  Սկզբում` 2012թ. փետրվարին, բյուջեի նախագիծը ներկայացնելով` ԱՄՆ-ի վարչակազմը կոնգրեսից խնդրել էր պաշտպանական կարիքների համար հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն հետո բյուջեի ծավալը մեծացվել էր մասնավորապես զինծառայողների նպաստները 1,7%-ով ավելացնելու ծրագրերի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»

Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որը Սենատն ընդունել է նախորդ շաբաթ: Բյուջեի նախագծում նաեւ Պենտագոնին արգելվում է «Ռոսօբորոնէքսպորտ» ռուսական ընկերության հետ գործարքներ կնքելը: Սենատորները դա հիմնավորել են իրենց այն մտավախություններով, թե իբր Մոսկվան  աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: