Ռուս լրագրողուհի Օլգա Ռոմանովան հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ են հարուցել «իշխանության ներկայացուցչին վիրավորելու» հոդվածով: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Ռոմանովայի խոսքով՝ օգոստոսին ինքը Facebook-ի իր էջում ոստիկանի հագուստով ծխող աղջկա լուսանկար է հրապարակել: Լուսանկարը լրագրողն արել է Խամովինեւսկի դատարանի մոտ, որտեղ դատում էին Pussy Riot փանք-խմբի աղջիկներին:
«Այ այս մենթական բ...-ին ես հասցրեցի սպիտակ շիկացման: Նա անընդհատ ծխում էր, իսկ ես քայլում էի նրա հետեւից եւ հետեւում, որ ծխախոտի մնացորդը աղբամանը նետի: Հնարավոր է, դաս տվեցի»,-գրել է լրագրողը լուսանկարի տակ:
Նա պարզաբանել է, որ իրեն վրդովվեցրել է իրավապահ մարմնի աշխատակցուհու վարքը, գրում է Gazeta.ru-ն:
Քրեական գործ հարուցելու մասին նրան այսօր՝ հունվարի 8-ին, տեղեկացրել է թաղայինը: «Բացատրություններից ես հրաժարվեցի, քանի որ ես ինքս մեծ ու հրապարակային դատ եմ ուզում՝ թրոլինգի համար»,-ասել է լրագրողուհին:





























