Նախորդ տարվա հունիսին Իրանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով ձերբակալված թալիշական «Թոլիշի Սադո» (Թալիշի ձայն) թերթի եւ կայքի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովը կարծում է, որ իր հետապնդումը կապված է Youtube կայքում իր տարածած «Տի կտո տակոյ, դավայ, դո սվիդանիյա» տեսահոլովակի, ինչպես նաեւ նախորդ տարվա ամռանը տված մի քանի հարցազրույցների հետ:

Գլխավոր խմբագիրը նաեւ հայտարարել է, որ  հրաժարվել է ցուցմունքներից՝ բացառությամբ ձերբակալությունից անմիջապես հետո տվածից, որտեղ  հերքել էր թմրանյութեր պահելու մեղարանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հունվարի  9-ին Բաքվում թալիշ խմբագրի գործով դատարանի նախնական նիստ կկայանա: 

Հիշեցնենք, որ Մամեդովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածներով` պետական դավաճանություն, ազգային, դասակարգային, սոցիալական եւ կրոնական ատելության եւ թշնամանքի  դրսեւորում, թմրանյութերի ապօրինի ձեռքբերում, պահպանում եւ վաճառք: Մամեդովը համացանցում հայտնի  «Դավայ, դո սվիդանիյա» տեսահոլովակի հեղինակն է: