Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում Զարգացման Ասիական բանկի հետ՝ առաջիկա չորս տարիների ընթացքում 500 միլիոն դոլար վարկ վերցնելու համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե այդ հարցում նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել: «Այդ վարկը կօգնի որակապես բարելավելու երկրի ենթակառուցվածքները եւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու»,- ասել է վարչապետն ու հավելել, թե ներկայումս Հայաստանի կառավարությունը պայմանագիր ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ 720 միլիոն դոլար վարկ ստանալու, եւ Համաշխարհային բանկի հետ՝ 540 միիոնանոց վարկի: «Դրանք նպատակային վարկեր են եւ ուղղված են կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասել է վարչապետը:
Ի դեպ, առ այսօր Հայաստանի իշխանությունները կոնկրետ պատասխան չեն տվել, թե ինչպես են ծախսելու ՌԴ-ից ստացված 500 միլիոն դոլարի վարկը, իսկ լուրերը, թե ինչպես են մսխվում վարկային միլիոնները, հիմք են տալիս կարծելու, թե Հայաստանի իշխանությունները կրկին գումարներ են գրպանելու՝ իրենց կերածի համար վճարելու ծանր բեռը թողնելով սերունդների ուսերին:



























