Հայաստանի պետական բյուջեի եկամուտները նվազել են 12.9%-ով կամ 44.4 մլրդ դրամով: Հայաստանի ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 300,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 347,5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 91,9 եւ 90.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 33,4 տոկոսով, ծախսերի գծով՝ 38,8 տոկոսով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 12,9 տոկոսով կամ 44.4 մլրդ դրամով:

Ֆինանսների նախարարությունը եկամուտների նվազման մեղքը բարդել է հարկահավաքների վրա: "Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ՝ 18.2 տոկոսով կամ 51,8 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտները աճել են համապատասխանաբար 1.2 մլրդ դրամով (2,6 տոկոսով) եւ 3,9 մլրդ դրամով (30.4 տոկոսով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 433,9 մլն դրամի փոխարեն: