Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե Նոր տարվա գիշերը Թուրքիայում Ինջիռլիքի ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորականները մտել են բազայի տարածքում գտնվող մզկիթ, ավերել ներսը, կոտրել ապակիները եւ այրել Ղուրանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ադանա նահանգի մուֆթի Արիֆ Գյոքչեն նշել է, թե իրեն նման բան հայտնի չէ՝ շեշտելով, թե նման բանի մասին ընդամենը մամուլից է տեղեկացել։ Մուֆթին ասել է, թե Ինջիռլիքի ռազմաբազայում կա նամազ անելու վայր եւ ինքը գիտի, որ այն ծառայում է նպատակին, սակայն ռազմաբազան փակ գոտի է եւ այնտեղ հետաքննություն իրականացնելու իրավասություն չկա։

Թեմայի հետ կապված Ադանայի թվով 10 հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պատկան մարմիններից պարզաբանում պահանջելով տեղեկության հետ կապված։