Եթե Հայաստանի կառավարությունն արտաքին աշխարհից եկող դրական շոկի մասով չաջակցի Կենտրոնական բանկին, ապա միանգամայն արդարացված կլինի, եթե ԿԲ-ն դիմի ավելի կոշտ քայլերի և ավելի ագրեսիվ կերպով բարձրացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկն իր քաղաքականության մեջ սովորաբար նայում է դեպի ապագան, և եթե գնաճի արագացման ռիսկեր է տեսնում, ապա պետք է հենց այսօր համապատասխան քայլեր ձեռնարկի։ «Ես ակնկալում էի, որ Կենտրոնական բանկն ավելի վաղ կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, քանի որ գնաճային միջավայրի ձևավորմանը նպաստող գործոններն ակնհայտ են»,- նշել է նա։

Փորձագետը պարզաբանել է, որ աշխարհում նկատվում են գնաճային միտումներ, որոնք Հայաստանի տնտեսությանն են փոխանցվում համաշխարհային շուկաներում պարենային ապրանքների թանկացման միջոցով։ Նա հիշեցրել է, որ տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կառավարությունները վարում են ռազմական հակամարտությունների հետևանքով բյուջետային ծախսերի ավելացմանն ուղղված քաղաքականություն, ինչը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և գների վրա։

Արամյանը նկատել է, որ Հայաստանի ներսում ևս կան գների աճին նպաստող գործոններ։ «Առաջին հերթին դա պայմանավորված է Կառավարության վարած քաղաքականությամբ։ Սա անհերքելի ճշմարտություն է։ Կառավարությունը վերջին շրջանում ընդունել է գնաճին նպաստող մի քանի որոշում։ Խոսքը վերաբերում է թե՛ առողջության համընդհանուր ապահովագրությանը, թե՛ կենսաթոշակների չափի բարձրացմանն առնչվող որոշումներին»,- հստակեցրել է Վարդան Արամյանը։

Նախկին նախարարը հիշեցրել է, որ վերջերս բարձրացվել են նաև բյուջետային հիմնարկների աշխատակիցների և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ինչը ևս գնաճ խթանող գործոն է։ Նա նկատել է, որ երբ աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է ոչ թե աշխատաշուկայում արտադրողականության աճով, այլ որոշակի որոշումներով, դա շղթայական ռեակցիայով հանգեցնում է աշխատավարձերի աճի նաև այլ ոլորտներում։

Նրա խոսքով՝ պետական հատվածում աշխատավարձերի զգալի մասն արդեն իսկ ավելի բարձր է, քան մասնավոր հատվածում, ինչը կհանգեցնի նրան, որ ավելի ցածր վարձատրվողները կսկսեն ավելի բարձր աշխատավարձ պահանջել։ Արամյանն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում պետական համակարգի աշխատավարձերն ավելի ցածր են, քան մասնավոր հատվածինը, և դա պայմանավորված է ոչ միայն ռեսուրսների սղությամբ, այլև օբյեկտիվ իրականությամբ, քանի որ պետական գերատեսչությունների աշխատակիցներն ավելի պաշտպանված են, ազդեցության ավելի մեծ հնարավորություններ ունեն, բացի այդ՝ կա նաև հեղինակության գործոնը։

«Հետևաբար, պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումն իր հետևից կբերի դրանց աճին նաև մասնավոր հատվածում, իսկ դա նույնպես գնաճային երևույթ է։ Այս առումով Կենտրոնական բանկի քաղաքականությունն արդարացված է։ Ես ավելի վաղ ասել էի, որ Կառավարությունը չի գնում բավականաչափ կոշտ, համախմբված քայլերի, որոնք կօգնեին Կենտրոնական բանկին շատ արագ իջեցնել գնաճի մակարդակը։ Որքան ավելի ընդլայնողական լինի Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը, այնքան ավելի կոշտ կլինի Կենտրոնական բանկի արձագանքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասով»,- հայտարարել է փորձագետը։

Նա պարզաբանել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա բարձրացման վերաբերյալ Կենտրոնական բանկի հնարավոր որոշումը կախված է Կառավարության վարքագծից։ Արամյանն ընդգծել է, որ ֆինանսական հատվածում լուրջ շահույթ է գեներացվում՝ կոչ անելով Կառավարությանը հարկային քաղաքականության շրջանակներում ուշադրություն դարձնել այդ հանգամանքին՝ միևնույն ժամանակ ցուցաբերելով զգուշավորություն։

«Բացի այդ, ոչ արտահանելի ճյուղերում պետք է ճշգրտվի հարկային քաղաքականությունը։ Անհրաժեշտ է նաև վարել ստերիլիզացնող քաղաքականություն և օգնել ԿԲ-ին՝ թույլ չտալու, որ արտարժույթի մեծ ներհոսքի ֆոնին դրամի փոխարժեքն ուժեղ արժևորման ենթարկվի։ Հակառակ դեպքում, եթե Կառավարությունը չաջակցի Կենտրոնական բանկին, վերջինս իր վերջնական նպատակին հասնելու համար թույլ կտա, որ դրամն արժևորվի»,- ընդգծել է ֆինանսների նախկին նախարարը։

Վարդան Արամյանի խոսքով՝ ընդհանուր վարկային պորտֆելում ամենամեծ մասնաբաժինն ունեն սպառողական վարկերը։ Նա դա աննախադեպ երևույթ է անվանել։ «Երբ Կառավարության ներկայացուցիչներն ասում են, թե բնակչության կենսամակարդակն էականորեն բարձրացել է, ես, ելնելով այս ցուցանիշից, չեմ կիսում այդ կարծիքը։ Երկրի բնակչության ճնշող մեծամասնության ֆինանսական վիճակը վատթարացել է, իսկ կենսամակարդակը՝ նվազել սպառողական վարկերի աճի ֆոնին»,- նշել է Արամյանը։

Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ առևտրային բանկերը կարող են դիմել այնպիսի քայլերի, որպեսզի վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ԿԲ որոշումը չհանգեցնի սպառողական վարկերի տոկոսադրույքների փոփոխության։ «Կարծում եմ՝ առևտրային բանկերը հասկանում են, որ սպառողական վարկերի ճնշող մեծամասնությունը խնդրահարույց է։ 2018 թվականից ի վեր սպառողական վարկերի ծավալն աճել է մոտ ութ անգամ, մինչդեռ միջին աշխատավարձն ավելացել է 30%-ով»,- եզրափակել է փորձագետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 7%։