ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, երկրում ընթացող Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների կանխատեսվող հաղթանակի ֆոնին, հավաստիացրել է, որ հանրապետականները 2028 թվականին կվերադարձնեն ստորին պալատի վերահսկողությունը։
«Այս արդյունքներից հիասթափված են բոլոր ամերիկացիները, և ես՝ նույնպես, սակայն մեզ հնարավոր չէ զրկել ինքնավստահությունից։ 2028 թվականին մենք կվերադարձնենք Ներկայացուցիչների պալատը և ավարտին կհասցնենք այս գործը»,- տեղական ժամանակով լույս չորեքշաբթի գիշերը լրագրողների հետ զրույցում նշել է Ջոնսոնը։
Նրա խոսքով՝ հանրապետականների աշխատանքը «դեռ հեռու է ավարտված լինելուց», և «ընտրությունների արդյունքներն ամենևին չեն փոխում դա»։
Մինչդեռ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումների հրապարակման ֆոնին, ընդգծել է, որ «Ամերիկան ողջ և առողջ է»։
«Մենք ջախջախեցինք հանրապետականների մանիպուլյացիաները ողջ երկրում»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ելույթ ունենալով աջակիցների առջև՝ Ջեֆրիսը (ով, ինչպես նշում են լրատվամիջոցները, միջանկյալ ընտրությունների արդյունքներով բոլոր շանսերն ունի դառնալու Պալատի պատմության մեջ առաջին սևամորթ խոսնակը) հայտարարել է. «Ամերիկան վերադարձել է. ամերիկացի ժողովուրդն իր խոսքն ասաց և հստակ հասկացնել տվեց, որ հոգնել է ծայրահեղականությունից, հոգնել է կոռուպցիայից»։
«Մեզ պետք է Կոնգրես, որն ամեն ինչից վեր է դասում ամերիկացի ժողովրդին»,- հավելել է նա։
CNN, ABC News և NBC News հեռուստաալիքները կանխատեսում են դեմոկրատների հաղթանակն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Դեմոկրատական կուսակցությունն առաջատար է նաև Սենատի ընտրություններում։
ԱՄՆ-ում ընթանում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Խաղարկվում են Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 մանդատները և Սենատի 100 տեղերից 35-ը։





























