Գազի գնի հնարավոր բարձրացման հետևանքով գյուղմթերք արտադրող հայ բազմաթիվ արտադրողներ կարող են դուրս մղվել շուկայից։ Արտարժույթի ներկայիս փոխարժեքը ևս խթանում է ներմուծման աճը, քանի որ ներմուծվող արտադրանքը կարող է ավելի էժան լինել, քան Հայաստանում արտադրվածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ գազի գինն ազդում է նաև արդյունաբերության, ավտոլցակայանների և այլ ոլորտների վրա՝ ունենալով բազմապատկիչ ազդեցություն։ «Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է կլանել հարվածը գազի գնի բարձրացման դեպքում, բայց հարցն այն է, թե ինչ գնով դա կարվի»,– հավելել է Արամյանը։

Արամյանն ավելի ընդունելի է համարել Կենտրոնական բանկի հայտարարությունները, քան էկոնոմիկայի նախարարի խոսքերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նոյեմբերի 3-ին հայտարարել է, որ գազի գնի 10% բարձրացման դեպքում գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Դրանից մեկ օր առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նույնիսկ եթե գազը թանկանա 300%-ով, Հայաստանի ՀՆԱ-ի համար ոմանց կանխատեսած հետևանքները չեն լինի։