Երեւան-Թբիլիսի ավիաչվերթը չեղյալ է հայտարարվել նրա անեկամտաբերության պատճառով: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է «Արմավիա» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը՝ նկատելով, որ Երեւան-Թբիլիսի չվերթի պատճառով ավիաընկերության կրած վնասները կազմել են 3 մլն դոլար՝ միայն անցած տարվա 10 ամիսների ընթացքում: Բաղդասարովը նշել է նաեւ, որ «Արմավիան» դիմել է Թբիլիսիի օդնավակայանի ղեկավարությանը՝ վճարները նվազեցնելու համար: «Մենք ամեն ուղեւորից օդնավակայանին վճարել ենք 21 եվրո, բայց նրանք հրաժարվեցին նվազեցնել գները: Այդ պատճառով էլ „Արմավիան“ որոշում կայացրեց դադարեցնել չվերթը»,- ասել է Բաղդասարովը՝ նկատելով, որ թբիլիսյան գործընկերները այնուամենայնիվ կիջեցնեն գները եւ, «ամենայն հավանականությամբ Երեւան-Թբիլիսի չվերթը կվերականգնվի փետրվարի 10-ին»:
«Արմավիան» այս տարի կսկսի նոր չվերթներ իրականացնել Կիպրոս, Թել-Ավիվ, Դելի, Բարսելոն ուղղություններով, եւ Իտալիա կատավող չվերթների քանակը կհասցնի շաբաթական 4-5-ի:
«Արմավիայի» նախագահը նշեց, որ ընկերությունը մեծացնում ավիապարկը: «Առաջիկայում ընկերության տնօրինմանը կհանձնվի նոր Boeing 767 ինքնաթիռը, որը հնարավորություն կտա երկարատեւ չվերթներ կատարել դեպի ԱՄՆ, Չինաստան, Թայլանդ, Ճապոնիա»,- ասել է Բաղդասարովը:
Նշենք, որ այսօր ազգային ավիափոխադրողին է հանձնվել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ Շահագործման անվտանգության աուդիտի (Operational Safety Audit, IOSA) ծրագրի արտոնագիրը:



























