Հունվարի 15-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ  իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում վիճաբանություն է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1958 թ. ծնված Վարուժան Ե.-ն  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց  շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված  Գագիկ եւ 1988 թ. ծնված Գարիկ Ս.-երը ծեծի են ենթարկել իրեն եւ որդիներին` 1983 թ. ծնված Հայկ  եւ  1984 թ. ծնված Վասիլ Ե.-երին ու պատճառել վնասվածքներ:

Նույն օրը,  ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ-վնասվածքներով եւ կոտրվածքներով շտապօգնության խումբը  բուժօգնության է տեղափոխել Հայկ  եւ  Վասիլ Ե.-երին, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը  Գագիկ եւ Գարիկ Ս.-երի կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով:

Վասիլ, Վարուժան եւ Հայկ Ե.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցում Գագիկ եւ Գարիկ Ս.-երը հայտնաբերվել են, սակայն բերման ենթարկվելիս նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, տվել են հայհոյանքներ, քաշքշել, ձեռքերով հարվածներ են հասցրել, պատռել համազգեստի բաճկոնները եւ ոստիկաններից մեկի դեմքի մասում պատճառել վնասվածք:

Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի  258 հոդվածի  3-րդ մասի 1-ին կետի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողներին տրվել են տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Գագիկ եւ Գարիկ Ս.-րը ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: