Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մտահոգում են բժշկական ծառայության աշխատանքի խնդիրները:
Այսօր՝ հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նախարարը հայտնել է Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նշված ծառայության աշխատանքի բարելավման հարցով նախօրեին կայացած սելեկտորային խորհրդակցության մասին:
«Բոլոր դեպքերի առթիվ էլ անհանգստանում ենք: Ծառայողական հետաքննություններ են անցկացվում, քրեական գործեր են հարուցվում: Մենք հետեւում ենք հետաքննության ընթացքին, ավարտից հետո գնահատական կտանք», - նշել է նախարարը: Ըստ նրա՝ բացթողումներից մեկը նախազորակոչային բժշկական աշխատանքն է, հետազոտումը եւ բուժումը, քանի որ հայտնաբերվել են մի շարք դեպքեր, երբ զորակոչիկի հիվանդության մասին տեղյակ չեն եղել ոչ զորակոչային հանձնաժողովը, ոչ էլ հրամանատարը:
«Կարծում ենք, որ հերթական զորակոչի ընթացքում առողջապահության նախարարության հետ միասին կարող ենք շտկել իրավիճակը», - նշել է Սեյրան Օհանյանը:
Միաժամանակ նախարարը հայտնել է, որ կատարված վերլուծությունը թույլ է տալիս պնդել՝ բանակում հիվանդությունների թիվը կրճատվել է, պրոֆիլակտիկ միջոցառումներն արդյունք են տվել:
Ինչ վերաբերում է զինվորների մահվան մեղավորներին, նրանք բոլորը խստորեն կպատժվեն, ասել է Սեյրան Օհանյանը:




























