Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէ,թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել: «Երբ քարոզարշավը սկսվի, նախընտրական ծրագրերը ներկայացնեն, կազմակերպեն քարոզարշաքվը, հարկ եղած դեպքում կհայտնենք մեր դիրքորոշումը, եւ կարծում եմ, որ կհայտնենք»,- ասաց նա: Հնարավոր է, որ որեւէ մեկին չսատարելու վերաբերյալ դիրքորոշում հայտնեն, հնարավոր է սատարեն որեւէ թեկնածուի, բացառությամբ` իշխանության թեկնածուի: «Ներկա ընթացքը նկատի ունենալով` ամենայն հավանականությամբ, կլինի առաջին տարբերակը` որեւէ մեկին չսատարելը: Որովհետեւ սատարելը ինքնանպատակ չէ, եթե մասնակցում է ընդամենը մասնակացության համար, որեւէ էական փոփոխություն մեր երկրի եւ հասարակության կյանքում առաջ չի բերելու, բնականաբար մեր սատարելը դառնում է անիմաստ: Եթե ինչ-ինչ գործընթացներ լինեն, օրինակ` առաջադրված թեկնածուների միավորման գործընթաց կամ լուրջ նախընտրական պայքար, մրցակցային վիճակ եւ այդտեղ մեր մասնակցության պարագայում հնարավոր կլինի էական բան փոխել,այդ պարագայում հնարավոր է դիրքորոշման փոփոխություն, բայց այսօր գոնե մենք այդպիսի բան չենք տեսնում»,- ասաց նա:





























