Ադրբեջանը, փորձելով ստանալ Մոսկվայի աջակցությունը ղարաբաղյան գործընթացում, «գլխիվայր շուռ է տվել» եվրոպական ռազմավարական ծրագիրը…
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարած այցի ընթացքում ստորագրված ռուսական «Գազպրոմ»-ին ադրբեջանական գազի մատակարարման մասին համաձայնագիրը կարող է բացասաբար ազդել Nabucco ծրագրի գազի գլխավոր մատակարարներից մեկը դառնալու Ադրբեջանի կարողության վրա։
Eurasianet.org-ը, վկայակոչելով փորձագիտական եզրակացությունը, հաղորդում է, որ հուլիսի 13-ին Անկարայում Nabucco-ի շուրջ համաձայնագրի ստորագրման հակազդեցությունն Ադրբեջանում, թվում է, թե շատ չէր։ Նախագահ Իլհամ Ալիևը «մոտ ապագայում» Թուրքիայի հետ գազի տարանցման մասին համաձայնագիր կնքելու հույս է հայտնել։ Ստորագրման արարողությանը ներկա Ադրբեջանի արդյունաբերության ու տրանսպորտի նախարար Նաթիկ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն նախկինի պես շահագրգռված է արտահանման բոլոր շահավետ ուղիների՝ ներառյալ և Nabucco-ի, հարցում։
Մինչդեռ, հունիսի վերջին Ադրբեջանը պայմանագիր ստորագրեց ռուսական «Գազպրոմի» հետ՝ «Շահ դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլով արդյունահանվող գազի մատակարարման մասին. այն նույն հանքավայրի, որի հետ հույսեր էին կապում Nabucco ծրագրի հեղինակները։ Ստորագրված համաձայնագրի պայմանների համաձայն, մյուս գնորդները պետք է իջեցնեն «Գազպրոմի» առաջարկած գինը։ Սույն դրույթը կարող է Ռուսաստանին ընձեռել ևս մեկ մեխանիզմ, որը թույլ կտա ոչ միայն կանգնեցնել, այլև վերջնականապես խաչ քաշել Nabucco ծրագրի վրա, որը կոչված է նվազեցնելու ռուսական գազի մատակարարումից Եվրոպայի կախվածությունը։
Մի շարք վերլուծաբանների կարծիքով, «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրը կարող է հանգեցնել «Շահ դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազի մատակարարման բարձր, հետևաբար և ոչ ձեռնտու գնի։ «Ադրբեջանի հետ „Գազպրոմի“ պայմանագիրը չի նշանակում Nabucco ծրագրի վերջը։ Սակայն ինչպիսի՞ն կլինի դրա գինը»,- New Europe Magazine հանդեսի թղթակցի հետ զրույցում նման հարց է հնչեցրել Ռուսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը։ «Ադրբեջանը կփորձի շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ Եվրոպայի միջոցով, իսկ Եվրոպային՝ Ռուսաստանի։ Սցենարը շատ պարզ է»։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն, «Գազպրոմը» պատրաստ էր «Շահ դենիզ» հանքավայրից ստացվող գազի դիմաց վճարել ընդհուպ մինչև 350 դոլար հազար խոր. մետրի դիմաց։ Որոշ վերլուծաբանների կարծիքով, «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը խոսում է Ադրբեջանի դեպի Ռուսաստան վերակողմնորոշման մասին։ Սակայն այն հետաքրքրությունը, որ Բաքուն նախկինի պես ցուցաբերում է Nabucco ծրագրի նկատմամբ , կասկածի տակ է դնում այն տեսությունը, թե Ադրբեջանը որոշել է վերադառնալ Մոսկվայի ուղեծիր։ «Դա ավելի շուտ վերաբերում է Ադրբեջանի պրագմատիզմին, քան նրա դիրքորոշումների վերանայմանը,- ասել է Վաշինգտոնի Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի Ինստիտուտի գիտաշխատող Ջոն Դելին։- Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ավելի ու ավելի պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում արևմտյան ներդրողների նկատմամբ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շրջադարձ կատարում»։
Այլ փորձագետներ էլ նշում են, որ Բաքուն կարող է «Շահ դենիզ» հանքավայրից արդյունահանվող գազն օգտագործել որպես ազդեցության լծակ, հատկապես ղարաբաղյան կարգավորման հարցում Մոսկվայի հետ փոխգործակցության պրոցեսում։
Եվ այնուամենայնիվ, Բաքվի ու «Գազպրոմի» միջև ձեռք բերված համաձայնությունը նպաստել է անորոշ իրավիճակի ձեւավորմանը, և այժմ պարզ չէ, թե կբավականացնի՞ «Շահ դենիզ» հանքավայրի գազը Nabucco ծրագրի համար։ Դա, ըստ էության, «Գազպրոմ»-ի մշակած ռազմավարության մի մասն է,- կարծում է Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը։ «Ռուսաստանը ցանկանում է հակազդել Nabucco-ին։ Ահա թե ինչու ենք մենք դիմել Ադրբեջանին և խնդրել նրան մեզ վաճառել „Շահ դենիզ“ հանքավայրից ստացվող գազը»,- հայտարարել է նա։



























