Բաց երկնքի տակ անժամկետ հացադուլի առաջին օրը նորմալ անցավ եւ համապատասխանում էր իմ պատկերացումներին: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, որը հունվարի 21-ից անժամկետ հացադուլ է հայտարարել:

Նա նշեց, որ իրեն լավ է զգում, բաց երկնքի տակ գիշերն անցկացնելը բացասական չի անդրադարձել իր վրա. «Ես անժամկետ հացադուլը կշարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի վերանայել իր որոշումը եւ ընտրություններին մասնակցելու իրավունքից չի զրկել գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Եթե ես նախագահի հետ հավասար պայմաններում մասնակցեմ նախընտրական քարոզարշավին, դրանով կլեգիտիմացնեմ նախագահական մրցավազքին նրա մասնակցությունը եւ ընտրվելը: Եթե միջազգային դիտորդները հայտարարեն իրենց առաքելության դադարեցման մասին, դրանով կհաստատեն, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ»,- ասել է նա՝ նշելով, որ այդ պարագայում եւս կդադարեցնի հացադուլը:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ հայտնել է, որ հացադուլի առաջին օրն իրեն այցելել են նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արամ Հարությունյանը, որոնք կոչ են արել դադարեցնել հացադուլը եւ չվնասել օրգանիզմին: Նա միաժամանակ նշել է, թե այն գաղափարը, հանուն որի ինքը հացադուլի է դիմել, ընդունելի էր երկու թեկնածուների համար էլ. «Նրանք ինձ կոչ էին անում դադարեցնել հացադուլը, որպեսզի առողջությանս վնաս չհասցնեմ մի երկրում, որտեղ իշխանություններից նման եղանակով ինչ-որ բանի հասնելը անհնար է»:

Հարցին, թե ինչպիսին է իր հնարավոր ընտրազանգվածի արձագանքը, որքանով է հասկանալի նրա պահվածքը հասարակ ժողովրդի համար, Ղուկասյանը պատասխանել է, որ հանրությունն իրեն հասկանում է:

Նա նաեւ հավելել է, որ առաջիկայում գործի կանցնի իր նախընտրական թիմը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am