Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուին որոնելիս վրացի լրագրող եւ մի քանի գրքերի հեղինակ Գիգա Լիպարտելիանին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետքի վրա է դուրս եկել:
Նա պարզել է, որ Իվանիշվիլիի «Ռոսիյսկի կրեդիտ» բանկը 1990-ականներին կապեր է ունեցել Ուսոյանի եւ այլ «օրենքով գողերի» հետ:, իսկ այսօր նրանք հակամարտում են: Այդ մասին նա պատմել է ուկրաինական TBI հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Դեդ Հասանին սպանեցին այն ժամանակ, երբ Վրաստանի վարչապետ դարձավ Բիձինա Իվանիշվիլին, 2010թ. Ուսոյանին կրակեցին, բայց չսպանեցին, դա նախազգուշական կրակոց էր: Այժմ գնդակն ուղիղ գլխին էր դիպել: Այդ ամենը Վրաստանի նոր իշխանությունների հետ է կապված, որոնք ռուսական «գողական» արտադրանք են:
Ես գիրք եմ գրել Իվանիշվիլիի պատվիրած սպանությունների մասին: 1990-ականներին նա անձամբ էր պատվիրել Օթար եւ Ամիրան Քվանթրիաշվիլիների սպանությունը: Դրա ապացույցը կա», – հայտարարել է Լիպարտելիանին, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան) սպանվել էր հունվարի 16-ին Մոսկվայում, դիպուկահարի կողմից: Հարազատները ցանկանում էին նրան հայրենի Թբիլիսիում թաղել, սակայն, վարկածներից մեկով վրացական իշխանությունները մերժել էին ընդունել նրա մարմինը, մյուս վարկածով էլ՝ հուղարկավորությանը մասնակցել ցանկացող եղբայրներին անվտանգության երաշխիքներ չէին տրամադրել:





























