Իրանում նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը որեւէ կերպ չի ազդել դեպի Հայաստան ապրանքափոխադրումների ծավալների վրա: Սյունյաց մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանի խոսքերով, հունիսի սկզբից մինչեւ 11-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է 546 բեռնատար ապրանք, իսկ 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում` 708 մեքենա:

Ուստի մաքսային պաշտոնյայի խոսքերից կարելի է ենթադրել, թե բեռնափոխադրումը ներքաղաքական լարված իրավիճակի պայմաններում ոչ միայն չի պակասել, այլեւ, ընդհակառակը, ավելացել է: Այնուամենայնիվ, Սամվել Հայրապետյանի բերած տվյալներից անկհայտ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ապրանքաշրջանառության ծավալները նվազել են, ինչը կարող է կապված լինել համաշխարհային ճգնաժամի հետ: Օրինակ, 2008 թվականի մայիսին դեպի Հայաստան բեռնափոխադրում է իրականացրել ավելի քան 2500 բեռնատար ավտոմեքենա, իսկ այս տարվա նույն ամսին դրանց թիվը եղել է 1400-ից մի փոքր ավելի։