Գազի բարձրացող սակագինը լուրջ մտահոգություններ է առաջացրել հայրենական արդյունաբերողների մոտ։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Տնտեսագետն ասաց, որ իր մոտ կան «Նաիրիտ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարանների հաշվարկները, որտեղ ներկայացված է, թե գազի գնի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա արտադրանքի ինքնարժեքի վրա։
«Նաիրիտում» արտադրանքի ինքնարժեքը կավելանա 72 տոկոսով, իսկ ցեմետի արտադրությունում՝ 52 տոկոսով։ Մեզանում ցեմենտի գինը 76 դոլար է։ Դե պատկերացրեք, եթե ցեմենտ արտահանենք Սոչիի օլիմպիական կառույցների համար, ինքնարժեքի վրա կավելանան նաեւ տրանսպորտային ծախսերը եւ տեղի ցեեմենտի գնի հետ այն կլինի ոչ մրցունակ, նույնը նաեւ վերաբերում է «Նաիրիտ»-ի արտադրանքին",-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ ներկայումս ուսումնասիրում են գազի գնի իջեցման հնարավոր տարբերակները։
Իսկ հնարավոր տարբերակներից մեկը, տնտեսագետի կարծիքով, գազի գնի ծախսային մասի բարձրացված մի քանի հոդվածների վերանայումն է։ Սաֆարյանը գտնում է, որ գազի համակարգի 31 մլդ դրամի ներդրումային արժողությամբ ծրագիրը չպետք է իրականացվի գազի սակագնի բարձրացման միջոցով։ Այն պետք է ֆինանսավորվի այլ ծրագրերով:
«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահի համոզմամբ, գազի գնի կարգավորման գործում կարեւոր դեր են կատարում նաեւ քաղաքական որոշումները։ «Եթե Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, ապա ասենք Հրազդանի ՋԷԿ-ին մատակարարվող գազը պետք է լինի այն գնով, ինչ գնով, որ Սարատովի կամ Վոլգոգրադի ՋԷԿ -ին են մատակարարում»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։
Հիշեցենք, որ ըստ «Հայռուսգազարդ»-ի ներկայացրած հայտի, ապրիլի 1-ից 1 խմ գազի համար սպառողները 96 դրամի փոխարեն վճարելու են 136 դրամ։



























