Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 23-ին Ռուսաստանի եւ Վրաստանի հակամարտության հետեւանքով տուժած տարածաշրջանների մասին հումանիտար հարցերի շուրջ բանաձեւ է ընդունել։

Թինա Ակեթոֆտի զեկույցի հիման վրա ընդունված բանաձեւում նշված է, որ չնայած անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծմանը, դեռեւս առկա են երկարաժամկետ հումանիտար խնդիրներ, որոնց համար անհրաժեշտ է լուծում գտնել։

Նշվում է, որ տեղահանված անձանց վերադարձի հարցը դեռեւս մշուշուտ է, ինչը նշանակում է, որ փախստականների համար բնակելի տարածք տրամադրելու եւ նրանց գոյությունն ապահովելու հարցը խնդիր է մնալու վրացական իշխանության համար։

Պատվիրակներն ընդգծում են, որ հակամարտությունից տուժած մարդկանց ամենօրյա կյանքը կարելի է բարելավել փոքր քայլերով, այնպիսիք, ինչպիսիք են վարչական սահմանից ազատ մուտք ու ելքի թույլտվությունը, կամ արմատացած անվստահությունը վերացման ուղղությամբ երկխոսության ակտիվացումը։