Հայաստանում 2011 թվականից արգելվելու է որեւէ տրանսպորտային միջոցի երթեւեկությունն առանց ապահովագրության, եթե խորհրդարանը համապատասխան օրինագիծը հաստատի։ Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ եթե ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ուզում են շահագործել իրենց մեքենաները, ապա պարտադիր պետք է ապահովագրեն դրանց օգտագործումից առաջացող ռիսկերը։

Մինասյանի հավաստմամբ, ավտոտրանսպորտային ապահովագրման մասին օրենքի նախագիծը թույլ կտա ավտոտրանսպորտային պատահարի զոհ դարձած քաղաքացիներին ապահովագական ընկերություններից ավելի հեշտությամբ փոխհատուցում ստանալ։ Փոխհատուցումը լինելու է գույքային ու առողջական։ Իսկ վարորդների կողմից մուծվող ապահովագրական նվազագույն գումարը, ըստ Մինասյանի, կարող է կազմել 1000 դրամ։

Պատասխանելով NEWS.am- թղթակցի այն հարցին, թե արդյոք այս օրենքը առիթ չի տա ապահովագրական խարդախություններով, Գագիկ Մինասյանն ասաց. «Իմանալով, որ հայերն այդ գործով զբաղվում են, հանել ենք այդ նորմը եւ այն ուժի մեջ կմտնի 5 տարի հետո։ Մինչ այդ կփորձենք մեխանիզմներ գտնել այդ չարաշահումներից խուսափելու համար»: