Մոսկվան Վաշինգտոնից սպառիչ բացատրություններ է պահանջում Ռումինիայի տարածքում եւ Սեւ ծովի ավազանում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 5-ին Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք սպասում ենք, որ երկխոսության ընթացքում ամերիկացի մեր գործընկերները սպառիչ բացատրություններ կներկայացնեն այս հարցերի վերաբերյալ՝ գիտակցելով, որ Սեւ ծովի ռեժիմը կարգավորվում է „Մոնտրոյի“ համաձայնագրով»,- հայտարարել է արտգործնախաարը։
Անդրադառնալով ավելի վաղ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռքբերված համաձայնությանը՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ դա երկու երկրների նախագահների պայմանավորվածությունն է եւ այն սկսել է իրագործվել։
«Պայմանավորվածությունն է ձեռք բերվել առաջին հերթին համատեղ վերլուծություն կատարել հրթիռային տարածման սպառնալիքների եւ ռիսկերի մասին։ Մենք կողմ ենք, որ այս աշխատանքներին միանան նաեւ եվրոպացի մեր գործընկերները, փորձագետները, այդ թվում նաեւ Գերմանիան»,- Լավրովի խոսքերն է մեջբերել «Независимая газета»-ն։
Հիշեցնենք, որ Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն փետրվարի 4-ին հայտարարել է, որ իր երկիրը համաձայն է իր տարածքում տեղադրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության նոր համակարգեր։




























